BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ահաբեկչությունը հասավ Թեհրան

Ահաբեկչությունը հասավ Թեհրան
07.06.2017 | 20:33

Իրանի մայրաքաղաք Թեհրանում հունիսի 7-ի ահաբեկչության զոհերն ավելանում են՝ արտակարգի իրավիճակների նախարար Փիր-Հոսեյն Կոլիվանդը տեղեկացրել է, որ զոհերի թիվը հասել է 12-ի, վիրավորները քառասունն են:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը, բայց այս անգամ կա ձեռագրի փոփոխություն: Ի տարբերություն Բրյուսելում, Փարիզում, Նիցցայում, Մանչեստրում, Լոնդոնում՝ եվրոպական տարածքում կատարված հարձակումների, Թեհրանում թիրախը հանգստի ու զվարճանքի վայրերը չեն եղել, այլ՝ խորհրդարանն ու իմամ Խոմեյնիի դամբարանը: Այսինքն՝ հեղափոխության խորհրդանիշը՝ դամբարանը, և իշխանության խորհրդանիշը՝ խորհրդարանը: ՈՒ սա վկայում է, որ Թեհրանում կատարվել է պատասխան գործողություն: Երբ մեկ միլիոն դոլար ԻՊ-ին վճարելու, ուրեմն՝ ահաբեկչությունը ֆինանսավորելու, մեղադրանքով արաբական պետությունները խզեցին Կատարի հետ հարաբերությունները, Դոհային աջակցություն հայտնեցին Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Դոհան բացատրեց, որ գումարը վճարվել է իբրև փրկագին արքայական ընտանիքի պատանդառված անդամների ազատության դիմաց, բայց այդ բացատրությունը չընդունվեց:

Թեհրանը նաև հասկացրեց, որ Կատարի լիակատար շրջափակման, զինված գործողությունների դիմելու պարագայում կփակի Օրմուզի նեղուցը, իսկ դա նշանակում է, որ Պարսից ծոցում շրջափակման մեջ են հայտնվում Կատարին շրջափակած երկրները: Սա ռեալ սպառնալիք էր: Բացի այդ Իրանը պատրաստակամություն է հայտնել ջուր և սնունդ հասցնել Կատար: Նույնը հայտարարել է և Թուրքիան: Այսօր Անկարա է մեկնում Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Կատարի շուրջ իրադարձությունները տարածաշրջանը բաժանեցին երկու մասի՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Մալդիվները, Բահրեյնը, Եմենը մի կողմում են, մյուս կողմում՝ Թուրքիան, Իրանը, Օմանը, Քուվեյթը: Կլինեն նաև այլ երկրներ, որ քաղաքական ու կրոնական նկատառումներով կմիանան խրամատի տարբեր կողմերում հայտնված արաբական աշխարհի պետություններին: Դեռ իրադարձությունների իր մեկնաբանությունը չի տվել Իսրայելը, հավանական չէ, որ Թել Ավիվը Թեհրանին պաշտպանի: Ինքնին հասկանալի է, որ Կատարի պաշտպանների մեջ է լինելու Ռուսաստանը: Թեպետ Կատարում տարածաշրջանի ամենամեծ ԱՄՆ ռազմաբազան է տեղակայված:


Սա Արևելքն է և ամեն ինչ այստեղ բարդ ու խճճված է: Փաստացի չկա որևէ հարց, որի շուրջ գոնե երկու պետության շահերը ամբողջությամբ համընկնեն: Տարածաշրջանում նոր սահմանների ու ազդեցության նոր գոտիների հաստատումը վերաբերելու է բոլոր երկրներին՝ Եգիպտոսը իր ցնցումներն արդեն ապրել է, Բահրեյնն ու Եմենը՝ շարունակում են: Սաուդյան Արաբիան նավթի գնանկման պատճառով սրընթաց կորցնում է ֆինանսներն ու ազդեցության դաշտը: Թուրքիայում Էրդողանը իր ձեռքում է կենտրոնացնում իշխանությունը՝ երկրի մասնատում թույլ չտալու համար: Իրանում նախագահական ընտրություններից հետո շարունակվում է բարեփոխիչների ու պահպանողականների պայքարը:


Թեպետ տվյալները հակասական են, Իրանում ահաբեկչության կազմակերպիչները սպանված են, միայն մեկին հաջողվել է փախչել: Պատգամավոր Էլյաս Հազրաթին ասել է, որ խորհրդարանում երեք տղամարդ կա՝ զինված Կալաշնիկովի ինքնաձիգով ու ատրճանակով։ Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են երեք սպանվածի մասին։ «Ֆարս» գործակալությունը հաղորդել է, որ առավոտյան չորս զինված անձանցից երեքը կրակ են բացել Թեհրանում 1979 -ի Իսլամական հեղափոխության առաջնորդի` այաթոլա Խոմեյնիի դամբարանի այցելուների վրա, չորրորդն ինքն իրեն պայթեցրել է սրբավայրի դիմաց՝ ոստիկանական հենակետի մոտ։ Զինյալներից մեկը սպանվել է բախումների ժամանակ, մյուսը ինքնասպան է եղել ցիանիդի պարկուճ կուլ տալով, մեկն էլ կին է եղել, որ սպանվել է իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ։ Հարձակումը դամբարանի վրա եղել է խորհրդարանում հնչած կրակոցների հետ միաժամանակ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը դատապարտել է Իրանի խորհրդարանի և իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակումները: «Խստորեն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի և իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակումները»,- ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման համաձայն, ասել է Էդվարդ Նալբանդյանը: «Մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին»,- նշել է ԱԳ նախարարը: ԱԺ-ն ևս դատապարտել է ահաբեկչական գործողությունները. «Մեր խորհրդարանականների անունից դատապարտում ենք այդ ահաբեկչական ակտերը: Մեր համերաշխությունն ենք հայտնում հարևան բարեկամ ժողովրդին: Ահաբեկչությունը ազգություն, կրոնական ուսմունք չի ճանաչում: Մենք բոլորս Իրանի ժողովրդի հետ ենք»՝ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Թեհրանում Հայաստանի դեսպանատունը կապ է պահպանում Իրանի իշխանությունների հետ: Փաստացի՝ ԻՊ-ը հասել է Հայաստանի սահմաններին, ու դա չափազանց մտահոգիչ է Հայաստանի համար, ում սահմաններին կանգնած են ԱՊՀ սահմանապահները, որ լրացուցիչ վտանգ է ստեղծում: Գուցե այս բոլոր զարգացումները վաղուց էին ծրագրված ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատահաբար չէր ակնարկում, որ ահաբեկչության դեմ պայքարում կարող է օգտագործվել Գյումրու ռուսական ռազմաբազան: Իսկ թե ինչ գին կունենա դա, Ռուսաստանին հազիվ մտահոգի՝ Մոսկվան աշխարհաքաղաքական խաղերի մեջ զինվորներ չի հաշվել երբեք՝ ոչ իր, ոչ ուրիշի:


Դիտվել է՝ 1546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ